Actions

Work Header

Ինչո՞ւ ինձ չես համբուրում

Summary:

Ջեյմսը սիրում էր ելույթների ժամանակ համբուրել իր խմբակիցներին: Առաջին անգամ նա համբուրեց Սիրիուսին, ինչի արդյունքում ամբոխի ոգևորությունը տասնապատիկ ավելացավ: Ակնհայտ էր, որ երկրպագուներին դուր էր եկել այն, ինչին ականատես էին եղել: Ջեյմսին դա առիթ տվեց բազմիցս կրկնելու իր այդ վարմունքը: Նա սկսեց նաև համբուրել Ռեմուսին ու Փիթերին, հանդիսատեսի արձագանքը պակաս ոգևորված չէր: Ժամանակի հետ դա դարձավ երգչի սովորությունը: Նա համբուրում էր իր խմբի բոլոր անդամներին: Բացի Ռեգուլուսից: Նա Ռեգուլուսին երբեք չէր համբուրում:

Work Text:

Ջեյմսը խարիզմատիկ էր: Հատկապես' երբ բեմի վրա էր: Նրա երկրպագուն պետք չէր լինել, որպեսզի կարողանայիր փաստել դա: Նա խմբի ամենահայտնի անդամն էր, մեծամասնության սիրելին: Դա իհարկե տրամաբանական էր, հաշվի առնելով այն, որ նա գլխավոր երգիչն էր: Իր համարձակությունն ու բեմում ինքնավստահ լինելու կարողությունն իր գեղեցիկ դիմագծերին է՛լ ավելի հմայիչ էին դարձնում:

Ռեգուլուսն իրեն զգում էր հենց այնպես, ինչպես իրենց խմբի երկրպագուները: Երբեմն ելույթների ժամանակ նա մի պահ մոռանում էր, որ նույնպես խմբի անդամ է ու Ջեյմսի հետ ելույթ է ունենում: Նա ցանկանում էր պարզապես հիանալ իր ընկերոջ ներկայությամբ, լինել այն երկրպագուներից մեկը, որոնք ակտիվորեն տարածում էին իրենց ձեռքերը դեպի Ջեյմսը, այն հույսով, որ իրենց սիրելի երգիչը կբռնի հենց իրենց ձեռքը: Ջեյմսը ժամանակ առ ժամանակ տեղի էր տալիս, շփումն ամբոխի հետ միշտ ակտիվ էր պահում, նշանակալից հայացքներ նետելով այս կամ այն հանդիսատեսին, նաև իր խմբակիցներին: Բեմն իր տարերքն էր, նա իրեն ազատ էր զգում բեմում ելույթ ունենալիս, երբեմն իր արարքներով անակնկալի բերելով հանդիսատեսին:

Ջեյմսը սիրում էր ելույթների ժամանակ համբուրել իր խմբակիցներին: Առաջին անգամ նա համբուրեց Սիրիուսին, ինչի արդյունքում ամբոխի ոգևորությունը տասնապատիկ ավելացավ: Ակնհայտ էր, որ երկրպագուներին դուր էր եկել այն, ինչին ականատես էին եղել: Ջեյմսին դա առիթ տվեց բազմիցս կրկնելու իր այդ վարմունքը: Նա սկսեց նաև համբուրել Ռեմուսին ու Փիթերին, հանդիսատեսի արձագանքը պակաս ոգևորված չէր: Ժամանակի հետ դա դարձավ երգչի սովորությունը: Նա համբուրում էր իր խմբի բոլոր անդամներին: Բացի Ռեգուլուսից: Նա Ռեգուլուսին երբեք չէր համբուրում: Վերջինս չէր դադարում մտահոգվել դրա մասին: Ինչո՞ւ էին իր բոլոր խմբակիցները ստանում այդ համբույրները, իսկ նա' ոչ: Ո՞րն էր խնդիրը: Ինչքա՞ն նա պետք է սպասեր, որ մի օր էլ իր հերթը հասներ: Արդյո՞ք նա արժանի չէր այդ համբույրներին, ինչո՞վ էր պակաս:

Գուցե Ռեգուլուսը չափից շատ էր մտածում ու ամեն բան այդքան լուրջ չէր: Ինչո՞ւ էր նրան թվում, որ Ջեյմսը պարտավոր է իրեն համբուրել նույն, ձևով, ինչպես իր մնացած ընկերնեին: Նա ամեն դեպքում Ջեյմսի հետ այդքան մոտ չէր, ինչպես մյուս երեքն էին: Իր' նրանց երաժշտական խմբին միանալու գլխավոր պատճառն այն էր, որ նա Սիրիուսի փոքր եղբայրն է: Եթե այդպես չլիներ, նա վստահ էր, որ տղաներն իր կողմը երբևէ չէին նայի: Օրինազանցները կարող էին լինել նույն Օրինազանցները առանց Ռեգուլուսի մասնակցության: Ոչ ոք իրեն նման բան չէր ասել, բայց ակնհայտ փաստերը բարձրաձայնելու կարիք ամենևին էլ չկա:

—— ✧ ——

Սիրիուսը Ռեգուլուսի ամենամեծ աջակիցն է եղել նրա ողջ կյանքի ընթացքում: Նա երբեմն իրեն ծանրաբեռնված էր զգում այն ամբողջ սիրուց, որ ստանում էր ավագ եղբոր կողմից: Չնայած դրան, նա երախտապարտ էր ամեն բանի համար, որ Սիրիուսն անում էր իր համար: Դեռ մանկուց նա սիրում էր նվագել իրենց տան դաշնամուրի վրա, որին ոչ ոք չէր մոտենում, բացի իրենից: Սիրիուսը նստում էր իր կողքին ու հետաքրքրությամբ լսում նրա նվագած մեղեդիները: Նա ոգևորում էր եղբորը, գովաբանում նրա տաղանդը: Ռեգուլուսին դա ինքնավստահություն էր տալիս, Սիրիուսի շնորհիվ նա չհանձնվեց ու շարունակեց հղկել իր տաղանդը: Դպրոցում նա ուրախությամբ ընտրեց երաժշտությունը որպես առարկա, որ ցանկանում էր առաջնահերթ սովորել: Սիրիուսը նույնպես սիրում էր երաժշտություն, նա կիթառ էր նվագում: Երկու եղբայրները միասին հաճախ էին նվագում: Որոշ ժամանակ անց նրանք արդեն սկսեցին նաև միասին մեղեդիներ գրել ու փորձել հարմարեցնել դրանք իրենց երկու գործիքներին: Սիրիուսի աչքերն այնպե՜ս էին փայլում, երբ նրանց փորձերը ինչ-որ հաջողության էին հասնում: Նա ոգևորությունից վեր էր ցատկում, պարում սենյակով մեկ, գրկում ու համբուրում Ռեգուլուսին, ընթացքում գովաբանության խոսքեր շաղ տալով: Ռեգուլուսն ի պատասխան պարզապես թույլ ժպտում էր, նրա սիրտը երջանկությամբ էր լցվում, երբ եղբորն այդպես տեսնում էր:

Երաժշտական խումբ ստեղծելու գաղափարը հենց Սիրիուսինն էր, նա Ռեգուլուսին ծանոթացրեց իր երեք ընկերների հետ: Փիթերը, համեմատած մյուսների, բավականին կարճահասակ էր, բայց դրա հետ մեկտեղ ճարպիկ ու կատակասեր: Ռեգուլուսը նրա հումորները էժանագին էր համարում, բայց միշտ անկախ իրենից ծիծաղում էր դրանց վրա: Փիթերը կարողանում էր հարվածային գործիքների վրա նվագել, ռիթմի ու տեմպի արտակարգ զգացողություն ուներ: Ռեմուսը, ի տարբերություն Փիթերի, բավականին հանգիստ բնավորություն ուներ: Խմբում նա բաս կիթառահարի դերում էր: Նա ու Ռեգուլուսն իրար հետ ավելի լավ էին կարողանում լեզու գտնել: Ռեմուսը շատ էր սիրում գրքեր կարդալ, նույնիսկ բանաստեղծություններ էր գրում: Նա ու Ռեգուլուսը փորձեցին մեղեդիներ ստեղծել իր բանաստեղծությունների համար: Տարիների աշխատանքի արդյունքում նա, Ռեգուլուսն ու Սիրիուսը դարձան հիմնական անդամները, որ գրում էին խմբի երգերը: Ռեգուլուսին դուր էր գալիս ամբողջ գործընթացը: Նրան երաժշտական խմբի մաս լինելն այդքան էլ չէր ոգևորում, բայց նա գիտեր, որ դա իր եղբոր մեծագույն երազանքն է, ու այդ պատճառով նա ամեն կերպ փորձում էր օգնել նրան:

Երրորդ ընկերը, ում Սիրիուսը ծանոթացրեց Ռեգուլուսի հետ, Ջեյմսն էր: Ռեգուլուսը տարօրինակ զգացողություն ունեցավ, երբ առաջին անգամ տեսավ նրան: Ջեյմսը բարձրահասակ էր, լայն ուսերով, վառ շագանակագույն աչքերով ու չափից շատ գեղեցիկ դիմագծերով: Գուցե Ռեգուլուսը չափազանցնում էր, բայց նա վստահ էր, որ ավելի գեղեցիկ մարդու երբևէ չէր տեսել: Տղայի թուխ մաշկն է՛լ ավելի գրավիչ էր դարձնում նրան: Գեղեցիկ արտաքինի հետ մեկտեղ նա ուներ նաև գեղեցիկ ձայն, որը դարձավ նրանց երգերի հնչեղության ու շատերի կողմից սիրված լինելու հիմնական պատճառը: Նա սիրված էր ամբողջ դպրոցի կողմից ու դեռ այդ ժամանակ էլ երկրպագուների մեծ բանակ ուներ: Ռեգուլուսն իհարկե չէր զարմանում: Ջեյմսը գեղեցիկ էր, բարի, աջակցող, գթասիրտ, ընկերասեր: Անհնար էր չսիրել նրան: Նա Սիրիուսի ամենամոտ ընկերն էր, երկուսով նրանք կարծես անբաժանելի լինեին: Ռեգուլուսը երբեմն նախանձում էր եղբորը, ինչպե՞ս էր նա կարողանում այդպես հանգիստ շփվել Ջեյմսի հետ, որովհետև իր մոտ չէր ստացվում: Ջեյմսի հետ խոսելիս Ռեգուլուսը միշտ ներքուստ լարվում էր, կարծես նա արժանի չէ Ջեյմսի պես կատարյալ մեկի հետ խոսքեր փոխանակել: Գուցե նա շատ էր ցանկանում Ջեյմսի պես լինել. գեղեցիկ, շա՜տ գեղեցիկ, ինքնավստահ, բոլորի կողմից սիրված: Գուցե դա էր պատճառը, որ Ջեյմսն անդադար Ռեգուլուսի մտքում էր, ու կարծես չէր էլ պատրաստվում լքել: Հետագայում նա կպարզեր իրական պատճառը, բայց դրա համար նրան տարիների ժամանակ պահանջվեց:

—— ✧ ——

Դպրոցի առաջին տարում Ռեգուլուսը ծանոթացավ Պանդորայի հետ: Նա դարձավ Ռեգուլուսի առաջին մտերիմ ընկերը, նրանք միասին էին անում դասերը, օգնում էին իրար, վստահում միմյանց գաղտնիքները: Կամ, ավելի ճիշտ կլիներ ասել' Պանդորան Ռեգուլուսին վստահում էր իր գաղտնիքները: Ռեգուլուսին դա ստիպում էր իրեն ավելի պատասխանատու զգալ աղջկա նկատմամբ, ինչ-որ տեղ նաև շոյված, բայց ինքը նույն կերպ չէր կարողանում վստահել նրան: Սխալ է ասել, որ խնդիրը Պանդորայի մեջ էր, ամենևին էլ այդպես չէր: Խնդիրն իր մեջ էր, նա ոչ ոքի չէր կարողանում գաղտնիքներ վստահել, բոլորից ակնկալելով խիստ քննադատություն կամ հիասթափություն: Նա Պանդորայի հետ միշտ էլ անկեղծ էր, փորձում էր հնարավորինս կիսվել նրա հետ, ու աղջկան կարծես դա բավարարում էր: Դեռահասության տարիներին նրանց հարաբերությունները հասունացան, նրանք արդեն ավելին էին, քան ընկերները: Պանդորան դարձավ Ռեգուլուսի առաջին համբույրը, շատ նուրբ ու հաճելի: Ռեգուլուսն իրեն այնքան բախտավոր էր զգում. Պանդորայի պես աղջիկը սիրում էր իրեն ու ցանկանում էր ռոմանտիկ հարաբերություններ ունենալ իր հետ: Ինչ վերաբերում էր իրեն, Ռեգուլուսը վստահ չէր' արդյո՞ք նա սիրում է Պանդորային, թե ոչ, բայց փորձում էր դրա մասին շատ չմտածել: Սիրված լինելն արդեն բավական հաճելի էր, ժամանակի ընթացքում նրա ռոմանտիկ զգացմունքները նույնպես ի հայտ կգան, չէ՞:

Ավագ դպրոցում Ռեգուլուսը սկսեց բավականին շատ ժամանակ անցկացնել Սիրիուսի ընկերների հետ, նրանց հավաքույթների հիմնական նպատակը փորձերն էին: Տղաները գործիքավորում էին տարբեր երգեր, Ռեգուլուսը ջանում էր ստեղնաշարային գործիքի հետ վարժվել, քանզի այն դաշնամուրից բավականին տարբեր էր, չնայած նրան, որ նույն ստեղններն էին: Պանդորան երբեմն իր հետ նույնպես այցելում էր փորձերին, ունկնդրում տղաների նվագած մեղեդիներն ու ոգևորիչ մեկնաբանություններ թողնում: Տղաները նրա ներկայությանը չէին առարկում, նույնիսկ շատ հյուրընկալ էին աղջկա նկատմամբ: Բայց մի քանի այցելություններից հետո Պանդորան այլևս նույն խանդավառությունը ցույց չէր տալիս, ինչ սկզբում: Նա սկսեց ավելի քիչ ուղեկցել Ռեգուլուսին, մինչև սկսեց այլևս չայցելել նրանց փորձերին: Ռեգուլուսն իրեն վատ էր զգում, բայց չգիտեր, թե ինչի համար: Նա կանխազգացում ուներ, որ սխալ է թույլ տվել, բայց չէր համարձակվում դրա մասին Պանդորային հարցնել: Վերջինիս վերաբերմունքն աստիճանաբար փոխվում էր ու դա Ռեգուլուսի համար մտահոգիչ էր: Նա սկսել էր հաճախ Ռեգուլուսին անհարմար հարցեր տալ, ինչպիսիք են «Ռեգ, դու ինձ իսկապես սիրո՞ւմ ես», «Ռեգ, ինչ-որ ուրիշը կա՞ քո կյանքում», «Ռեգ, ինձ ասելու բան չունե՞ս»: Ռեգուլուսն իրեն թիրախավորված էր զգում, Պանդորայի հարցերը նետերի պես իրեն խոցում էին ու նա չէր կարողանում ինքնապաշտպանվել: Ի վերջո բանը հասավ նրան, որ դպրոցի վերջին տարում Պանդորան ասաց նրան, որ ցանկանում է բաժանվել: Ռեգուլուսի սիրտը կտոր-կտոր եղավ, նա հարցրեց պատճառը, իսկ Պանդորան ուժասպառ հոգոց հանեց, պատասխանելով «Մի՞թե պարզ չէ»: Ռեգուլուսը միևնույն է մոլորված էր, նա հուսահատորեն բացատրություն էր խնդրում Պանդորայից:

«Երգիչ ընկերոջդ հարցրու», - եղավ Պանդորայի պատասխանը:

Ռեգուլուսը կիտեց հոնքերը, դեմքին ակնհայտ շփոթմունք: Պանդորան կրկին հոգոց հանեց:

«Ռեգ, ամեն ինչ կարգին է, ես քեզանից չեմ նեղանում, քեզ պարզապես ժամանակ է պետք զգացմունքներիցդ գլուխ հանելու համար»:

«Զգացմունքներիցս գլուխ հանելու...», - Ռեգուլուսի դեմքը դեռ շփոթված էր:

«Այո, դու կարող ես խոստովանել, որ ինձ չես սիրում, ես միևնույն է արդեն հասկացել եմ դա», - ասաց Պանդորան, հայացքում հիասթափություն:

«Պանդորա, ես քեզ սիրում եմ...»:

«Որպես լավ ընկեր, գիտեմ, բայց ոչ որպես քո զույգ»:

Ռեգուլուսը հայացքը հառեց գետնին' գլխում կրկնելով Պանդորայի ասած վերջին խոսքերը: Նա ճիշտ էր: Իհարկե Պանդորան ճիշտ էր, ինչպես միշտ:

«Մի՛ ամաչիր զգացմունքներիցդ ու անկե՛ղծ եղիր ինքդ քեզ հետ, Ռեգ», - կրկին լսվեց Պանդորայի ձայնը:

Այդ դեպքից հետո Ռեգուլուսը շատ մտածեց Պանդորայի ասածների մասին: Նրա' Ջեյմսին հիշատակելը ստիպեց Ռեգուլուսին մտածել Ջեյմսի նկատմամբ իր զգացմունքների մասին: Դա գիտակցման պահ էր, այն գիտակցման, որ նա սիրահարված էր իր եղբոր լավագույն ընկերոջ վրա: Դա հարգանք չէր, դա պարզապես հիացմունք չէր, ոչ էլ նախանձ կամ նրան նմանվելու ցանկություն: Նա մինչև ականջների ծայրը սիրահարված էր:

Իր զգացմունքների գիտակցումը չէր հեշտացնում իրավիճակը: Ընդհակառակը' Ջեյմսի հետ շփումն ավելի անտանելի էր դարձել: Բայց դա միակ խնդիրը չէր: Ռեգուլուսը տղայի վրա էր սիրահարված, ինչը նշանակում էր, որ նրա սեռական կողմնորոշումը հակված էր դեպի իր սեփական սեռը: Սա մեծ խնդիր կլիներ ոչ միայն իր, այլ նաև իր պահպանողական ընտանիքի համար, եթե նրանք երբևէ պարզեն դրա մասին: Բայց նրանք չեն պարզի, Ռեգուլուսն այդպես որոշեց: Նա ոչ ոքի չի պատմի: Միայն Պանդորան գիտի դրա մասին' ելնելով նրա ակնարկներից, և Ռեգուլուսը շնորհակալ է նրան չքննադատելու համար, բայց ամբողջ աշխարհը Պանդորան չէ, ամբողջ աշխարհն այդքան գթասիրտ ու ըմբռնումով չէ: Ռեգուլուսը պատրաստ չէ հիասթափեցնել իր շրջապատի մարդկանց ու փչացնել հարաբերությունները նրանց հետ զուտ այն պատճառով, որ սիրահարված է մի տղայի վրա, ով վստահաբար իր հանդեպ նույն զգացմունքները չունի:

—— ✧ ——

Ռեգուլուսը շարունակեց ապրել իր կյանքը նույն ձևով, բայց արդեն այն գիտելիքով, որ նա հավանում է տղամարդկանց, հատկապես բարձրահասակ, թխամաշկ, ակնոց կրող, գանգուր մազերով, լայն ուսերով, գեղեցիկ ձայնով, Ջեյմս անունով տղամարդկանց: Նա փորձում էր իրեն բավականին զուսպ պահել Ջեյմսի հետ շփման ընթացքում, ինչը շատ դժվար էր. նա իր օրերի ճնշող մեծամասնությունն անցկացնում էր խմբի հետ, ակնհայտ պատճառներով: Նրան հաճելի էր լինել տղաների շրջապատում, լինել Ջեյմսի շրջապատում: Վերջինս միշտ սիրալիր էր Ռեգուլուսի նկատմամբ: Տղան այդ ջերմությունից երբեմն քիչ էր մնում լաց լիներ: Նա այնքա՜ն էր ուզում Ջեյմսին խոստովանել, այքա՜ն էր ուզում հոգու ծանրությունը թեթևացնել, բայց անկարող էր: Նա չգիտեր Ջեյմսի կողմնորոշման մասին, նա չգիտեր' իր զգացմունքները փոխադա՞րձ են, թե ոչ: Ջեյմսն իր նկատմամբ սիրալիր էր, այո, բայց Ջեյմսը սիրալիր էր բոլորի նկատմամբ, Ռեգուլուսը դա առանձնահատուկ վերաբերմունք չէր համարում: Նա չի ուզում մերժվել, նա ոչինչ էլ չի խոստովանի: Նա կբավարարվի նրանով, ինչ որ ստանում է Ջեյմսի կողմից:

Տղաները միասին ժամանակ էին անցկացնում նաև փորձերից դուրս. այցելում էին միմյանց հյուր, դասերից հետո գնում զբոսնելու, երբեմն նաև զվարճանքի կենտրոններ' տարբեր խաղեր խաղալու, ֆիլմեր դիտելու: Ռեգուլուսի դասացուցակը միակն էր, որ մնացած տղաների դասացուցակից տարբերվում էր, բայց նրանք միշտ փորձում էին այնպես պլանավորել, որ իրենց կրտսեր ընկերոջը հարմար լինի: Սիրիուսը երբեք թույլ չէր տա, որ իր սիրելի եղբայրը ինչ-որ բանից հետ մնար:

Ռեգուլուսն ու Ջեյմսը երկուսով միայնակ երբեք չէին եղել մի սենյակում, ինչի համար Ռեգուլուսը շնորհակալ էր: Նա սարսափում էր նման բան պատկերացնելիս, վստահ էր, որ ինչ-որ հիմարություն դուրս կտա կամ ինչ-որ հիմար բան կանի, ինչն ամեն բան կփչացնի: Սովորաբար նրանց ընկերակցում էին մյուս երեք տղաները, կամ միայն Սիրիուսը, երբ Ջեյմսը միայնակ այցելում էր Սիրիուսին, որովհետև ինչո՞ւ նա պետք է Ռեգուլուսին այցելեր, Սիրիուսն է նրա լավագույն ընկերը: Վերջինս Ռեգուլուսին հեռու չէր պահում, Ջեյմսը ժամանակ էր անցկացնում երկու եղբայրների հետ, բայց Ռեգուլուսն այնպիսի զգացողություն էր ունենում, որ ներխուժում է երկու ընկերների անձնական տարածք: Դրա հետ մեկտեղ նա երազում էր, որ կգա մի օր, երբ նա կկարողանա Ջեյմսի հետ միայնակ ժամանակ անցկացնել և ներսից տակնուվրա չլինել:

«Ռեգ, դու ինչ-որ խնդի՞ր ունես Ջեյմսի հետ», - հանկարծ մի երեկո հարցրեց Սիրիուսը, երբ նրանք երկուսով իրենց տան դաշնամուրի առաջ նստած աշխատում էին նոր մեղեդու վրա: Ռեգուլուսի բերանը չորացավ ու նա մի պահ խոսելու ունակությունը կորցրեց:

«Խնդիր Ջեյմսի հե՞տ, չէ, ի՞նչ ես խոսում», - կմկմաց նա ու արհեստական ծիծաղ արձակեց:

«Երբ նա մեզ այցելում է, դու մի տեսակ շատ լարված ես, փորձում ես նրանից հեռու մնալ, նա քեզ անհարմարությո՞ւն է պատճառում», - շարունակեց Սիրիուսը, ամենևին պատրաստ չլինելով թեման փակել: Ռեգուլուսը ցանկանում էր հենց այդ պահին վեր կենալ ու փախչել սենյակից: Նա մոլորված էր ու չգիտեր' ինչ պատասխանել:

«Եթե նա քեզ նեղացրել է, ասա ինձ, ես նրա հարցերը կլուծ...»

«Սի՛րիուս», - Ռեգուլուսն ընդհատեց նրան ու փորձեց կարգավորել շնչառությունը: Սիրիուսը շփոթված նայեց եղբորն ու սպասեց:

«Ջեյմսն ինձ չի նեղացրել», - ցածր, համարյա անլսելի ձայնով ասաց Ռեգուլուսը:

Լարվածությունը լքեց Սիրիուսի մարմինն ու նա արդեն ավելի հանգիստ կեցվածքով էր նստած:

«Այդ դեպքում ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ ես նրանից խուսափում», - մեղմ ձայնով հարցրեց Սիրիուսը:

«Խ-խնդիր չկա, պարզապես նա քո ընկերն է, իսկ ես չեմ ուզում ձեր անձնական տարածք ներխուժել», - արագ արտաբերեց Ռեգուլուսը: Դա մասամբ ճիշտ էր, նա չի խաբում եղբորը: Բայց այդ միտքն արդեն իսկ վատ նշան էր, որովհետև նա զգաց, որ խաբում է:

Սիրիուսին կարծես բավարարեց նրա արդարացումը: Եղբայրը տարուբերեց գլուխն ու սկսեց ծիծաղել, ինչից հետո ամուր գրկեց Ռեգուլուսին:

«Ախ Ռեգ, նման բան չկա, դու գիտես, չէ՞ որ ես ու Ջեյմսը քեզ շատ սիրում ու վստահում ենք», - ասաց նա' ավելի ամուր գրկելով եղբորը:

«Ես գիտեմ, որ դու սիրում ես ու վստահում ես», - լսվեց Ռեգուլուսի խեղդված ձայնը, քանի որ Սիրիուսը նրան շատ պինդ էր գրկել:

«Ջեյմսն էլ է սիրում, նա քեզ շատ է սիրում ու վստահում, Ռեգ, ինչպե՞ս կարող է չսիրել քեզ պես հիասքանչ տղայի», - շարունակեց Սիրիուսը: Ռեգուլուսը զսպեց լաց լինելու ցանկությունը: Կդիմանա, մինչև իր սենյակում մենակ մնա:

—— ✧ ——

Ջեյմսը հերթական անգամ այցելել էր իրենց: Ռեգուլուսն ինքն իրեն խոսք էր տվել, որ այս անգամ կփորձի իրեն սովորականի պես պահել. նա չի պատրաստվում Սիրիուսի մոտ ավելի շատ կասկածներ առաջացնել: Դժվար չի լինի մի քանի ժամ արհամարհել բոլոր զգացմունքները: Բայց նա տեղյակ չէր, թե իրեն ինչ էր սպասվում այդ օրը: Նա աշխարհի չափ շատ է սիրում իր եղբորը, բայց երբեմն էլ նույնչափ ատում է:

Կարծես թե ամեն ինչ կարգին էր: Ժամերն անցնում էին ու արևը սկսում էր աստիճանաբար մայր մտնել: Ռեգուլուսն անհամբեր սպասում էր Ջեյմսի լքելուն, որ թեթևացած շունչ քաշի, բայց բանը կարծես թե դրան չէր հասնի:

«Ռեգ, ինձ ու Ջեյմսին կմիանաս, չէ՞, որ միասին ֆիլմ դիտենք», - նրան հարցրեց Սիրիուսը:

Ռեգուլուսը մի պահ շփոթվեց: Ջեյմսը հիմա չի՞ գնալու: Նա սովորաբար այս ժամին իրենց հրաժեշտ է տալիս:

«Սիրիուս, արդեն երեկո է», - անվստահ ասաց Ռեգուլուսը:

«Այո' ֆիլմ նայելու իդեալական ժամ», - գլխով արեց Սիրիուսը' եղբոր ակնարկները արհամարհելով:

«Ջեյմսին ուշ ժամի դժվար կլինի տուն հասնել», - շարունակեց Ռեգուլուսը:

«Ջեյմսն այսօր կմնա այստեղ, իմ սենյակում բավական տեղ կա», - ասաց Սիրիուսը, պտտվելով Ջեյմսի կողմը, - «Չէ՞, Ջեյմս»:

Ջեյմսն այնպիսի ժպիտով նայեց Սիրիուսի վրա, կարծես հիմա ծիծաղը կգա: Դա անտեղի գրավիչ էր:

«Եթե դու սենյակդ կիսելու խնդիր չունես, ես առավել ևս չունեմ», - պատասխանեց Ջեյմսը, դեռ ժպիտը դեմքին: Ռեգուլուսն աչքերը հառել էր նրա վրա, փորձելով այդ հայացքի ամեն դետալը գամել իր հիշողության մեջ:

«Հիանալի է, քանի որ մայրիկն ու հայրիկն այսօր տանը չեն, մենք կարող ենք աղմուկի համար չանհանգստանալ», - ոգևորված ծափահարեց Սիրիուսը, ուղևորվեց դեպի կախիչներն ու հագավ իր սև կաշվե բաճկոնը, - «եկեք գնանք ուտելիք գնելու», - հայտարարեց նա, - «Ռեգ, դու չասացիր, մեզ միանո՞ւմ ես»:

Ռեգուլուսը մեծ սիրով կմերժեր առաջարկը, նրանք երկուսով կարող էին ֆիլմը դիտել, իր ներկայությունը պարտադիր չէր: Բայց նա որոշել էր Սիրիուսի հետ ավելորդ խոսակցություններ այլևս չունենալ:

«Իհարկե», - պատասխանեց նա:

«Արի, գնացինք», - նա լսեց Ջեյմսի ձայնը, ինչից հետո վերջինս բռնեց նրա ձեռքն ու իր հետևից քարշ տարավ դեպի տան մուտքը: Նա հույս ուներ, որ մթությունը թույլ չի տա, որ իր' սովորաբար գունատ դեմքի անսովոր կարմրությունը երևա:

Նրանք վերադարձան տուն ու տեսան բոլոր անհրաժեշտ պատրաստությունները ֆիլմ դիտելու համար: Սիրիուսը ցատկեց բազմոցի վրա' չափից շատ աղմուկ հանելով: Ռեգուլուսը դիտավորյալ սպասեց Ջեյմսի նստելուն, ինչից հետո նա նստեց Սիրիուսի մյուս կողմում:

«Իսկ հիմա լսում եմ ձեր առաջարկները, ի՞նչ ֆիլմ ենք նայում», - ասաց Սիրիուսն ու հեռակավարման վահանակը վերցրեց իր ձեռքը:

«Ի՞նչ», - Ռեգուլուսը խաչեց ձեռքերն ու նախատող հայացքով նայեց Սիրիուսի դեմքին:

«Ի՞նչ», - շփոթված կրկնեց Սիրիուսը:

«Ընկերս, դու այնքան ոգևորված էիր, որ ինձ թվաց' արդեն դու ինքդ որոշել ես, թե ինչ ֆիլմ ենք դիտելու», - քմծիծաղով ասաց Ջեյմսը, - «Ռեգ, դու էլ այդպես մտածեցիր, չէ՞»:

Ռեգուլուսը գլխով արեց:

«Ես ուզում էի ֆիլմ դիտել, բայց այնպիսին, որ բոլորիս սրտով լինի, դրանից էլ չեմ որոշել, լա՞վ, այդպես մի՛ նայեք վրաս», - պաշտպանական դիրք ընդունեց Սիրիուսը: Ջեյմսը պարզապես ծիծաղեց ու նրա ձեռքից վերցրեց վահանակը:

«Ռեգ, ի՞նչ ես ուզում դիտել», - հարցրեց նա ու նայեց Ռեգուլուսի կողմը: Վերջինս այդ պահին միայն նրա դեմքին էր ցանկանում նայել, բոլոր ֆիլմերի անունները հանկարծ անհետացան նրա մտքից:

Ջեյմսը սպասողական հայացքով շարունակում էր նայել նրա ուղղությամբ: Անհարմար լռությունն ու նրանց միջև տարօրինակ հայացքների մրցույթը խախտվեց Սիրիուսի հեռախոսի ձայնից: Վերջինս ներողություն խնդրեց ու գնաց զանգին պատասխանելու: Ռեգուլուսը հայացքը հառեց իր ձեռքերին ու սկսեց լարվածությամբ վայրկյանները հաշվել, աղաչելով Սիրիուսին, որ հնարավորինս շուտ վերադառնա: Նա մի արագ հայացք նետեց Ջեյմսի կողմը: Վերջինս վերցրել էր իր հեռախոսն ու ինչ-որ ծրագիր էր թերթում: Ընտիր է, նա պարտավոր չէ ինչ-որ բանից Ջեյմսի հետ զրուցել, մինչ Սիրիուսը կվերադառնա: Հավերժություն թվացած երկու րոպեից Սիրիուսը վերադարձավ ու կրկին ձեռքն առավ բաճկոնը:

«Մայրիկն էր զանգել, ես պետք է գնամ», - հայտարարեց նա ու սկսեց կապել կոշիկները: Ռեգուլուսի մարմնի ամեն բջիջ տագնապի ենթարկվեց:

«Ի՞նչ է պատահել», - անհանգստացած հարցրեց նա:

«Հորեղբայրը ժառանգության հետ կապված հարց է ուզում քննարկել, ասում է' իմ ներկայությունը պարտադիր է, կարծում եմ' փաստաթղթեր ստորագրելու հարց է», - ասաց Սիրիուսը, - «Ռեգ, քո կարիքը չկա, դու կարող ես մնալ», - շարունակեց նա, երբ Ռեգուլուսը հանկարծակի տեղից վեր կացավ, - «ձեզ բարի ժամանց, ես վաղը ծնողների հետ կվերադառնամ», - վերջապես եզրափակեց նա, օդային համբույր ուղարկեց մյուս երկու տղաներին ու տանից դուրս եկավ: Ռեգուլուսը մի քանի ակնթարթ անշարժ կանգնած նայում էր այն կետին, որտեղ քիչ առաջ Սիրիուսն էր: Հետո նա ծանր հոգոց հանեց ու թուլացած ընկավ բազմոցին: Նա նկատեց, թե ինչպես լուսավորվեց իր հեռախոսի էկրանը:

«Դու Ջեյմսի հետ ֆիլմ կնայես ու թույլ չես տա, որ նա գնա», - Ռեգուլուսի աչքերը սկանավորեցին Սիրիուսի կողմից ուղարկված նամակը:

«Դու խելագար ես, ո՞րն է սրա իմաստը», - ուղարկեց նա պատասխան նամակը:

«Որ Ջեյմսի հետ մտերմանաս ու նրանից այլևս չխուսափես, բարի ժամանց», - հետևեց Սիրիուսի պատասխան նամակը: Ռեգուլուսը նրան սպանելու սպառնալիքներով լի նամակ ուղարկեց, ինչից հետո լսեց Ջեյմսի ձայնը:

«Ռե՞գ», - ասաց նա:

«Այո՞», - վերջապես պատասխանեց նա ու անջատեց հեռախոսը:

«Ինչ-որ բան այն չէ՞»:

«Չէ, ամեն բան կարգին է, ինչո՞ւ»:

«Շատ զայրացած դեմքով էիր հեռախոսիդ նայում», - Ռեգուլուսը մտածեց այն մասին, որ այսքան ժամանակ Ջեյմսի հայացքը նրա դեմքին էր ու փորձեց դրանից ուշքը չկորցնել: Նա պարզապես թույլ ծիծաղեց:

«Ես Սիրիուսին զայրացած նամակներ ուղարկեցի, երևի դրանից», - ասաց նա:

Ջեյմսը ծիծաղեց դրա վրա:

«Տեղին է», - ասաց նա:

Ռեգուլուսը պարզապես ժպտաց ի պատասխան, չիմանալով, թե ինչպես շարունակել խոսակցությունը: Այն, ինչից նա սարսափում էր ողջ սրտով, այս պահին տեղի էր ունենում:

«Ես երևի գնամ այդ դեպքում», - ասաց Ջեյմսն ու բազմոցից վեր կացավ:

«Ջե՛յմս», - հանկարծ ասաց Ռեգուլուսը, սովորականից ավելի բարձր ձայնով:

«Լսում եմ», - ասաց Ջեյմսն ու այն նույն ժպիտով նայեց Ռեգուլուսին: Վերջինս արդեն հազիվ էր իրեն զսպում, որ չփախչի սենյակից:

«Ուշ գիշեր է», - կմկմալով արտաբերեց նա:

«Ընդամենը ժամը ինն է, ես չեմ կորի, մի՛ անհանգստացիր», - ասաց Ջեյմսը: Ռեգուլուսը մտքում աղաչում էր, որ նա դադարի այդպես հմայիչ ժպտալ:

«Կապ չունի, ավելի ճիշտ կլինի մնաս, Սիրիուսի սենյակն արդեն ազատ է», - փորձեց նա: Նույնիսկ չգիտեր էլ, թե ինչու է համոզում: Իր համար ավելի լավ կլիներ, որ Ջեյմսը հենց այդ պահին գնար: Սիրիուսի հիպնոզն է, որոշեց նա:

«...Լավ, եթե պնդում ես», - պատասխանեց Ջեյմսն ու վերադարձավ դեպի բազմոցը, - «ինչո՞վ ես ուզում զբաղվենք»:

Սա իր կյանքի ամենադժվար փորձությունն է, անցավ Ռեգուլուսի մտքով: Նրա տագնապած միտքը սկսեց բավարարող պատասխան փնտրել, որ անհարմար չի հնչի:

«Ես մի միտք ունեմ», - վերջապես ասաց նա, - «ես ու Ռեմուսը նոր երգի վրա ենք աշխատում, կրկներգի մասն արդեն մտածել ենք, գուցե ուզենաս փորձե՞լ», - սա ամենևին էլ հիմար առաջարկ չէ, մտածեց նա:

«Օհ, մեծ սիրով», - հետևեց Ջեյմսի պատասխանը:

«Ես դաշնամուրով կնվագակցեմ», - հանկարծակի ոգևորությամբ ասաց Ռեգուլուսն ու վեր կացավ բազմոցից: Երգի վրա աշխատելը այս անհարմար մթնորորտը հաստատ կցրի, - «արի ինձ հետ», - շարունակեց նա: Ջեյմսը հետևեց նրան:

Երգը բավականին հաջող էր հնչում, կամ էլ Ջեյմսի ձայնն էր պատճառը, որ ցանկացած մեղեդի հնչեղ էր դարձնում: Կամ էլ Ռեգուլուսի սիրահարված ականջներն էին պատճառը, որ Ջեյմսի երգած ամեն նոտա կատարյալ են համարում: Նրանք նաև շարունակեցին աշխատել մնացած մեղեդիի վրա, իրենցից բառեր ավելացնելով երգին: Ռեգուլուսը հույս ուներ, որ Ռեմուսի սկզբնական միտքը չեն փչացնում, բայց գործընթացից չափից ավելի հաճույք էր ստանում, ուստի չէր դադարեցնում:

Երկու ժամվա փորձից հետո նրանք որոշեցին, որ կարող են դադարեցնել ու արդեն շարունակել Ռեմուսի հետ միասին: Նրանք դա բարձրաձայն չէին խոստովանում, բայց Ռեմուսի կարծիքը շատ հաճախ փաստի պես ընդունում էին, ու իրենց մեղեդիները լավը չէին համարում, մինչև Ռեմուսի դրական կարծիքը չստանային:

Ռեգուլուսն ու Ջեյմսը կրկին բազմոցի վրա էին նստած, որովհետև ի վերջո որոշեցին ամեն դեպքում ինչ-որ ֆիլմ նայել:

«Դու ինչ-որ բան առաջարկիր, ինձ համար տարբերություն չկա», - ասաց Ջեյմսն ու ձեռքն առավ վահանակը:

«Ես չգիտեմ», - անվստահ ասաց Ռեգուլուսը: Ջեյմսը մի պահ նայեց նրա ուղղությամբ ու խոր շունչ քաշեց:

«Լավ, արի այսպես անենք. քո սիրելի ժանրը ո՞րն է», - հարցրեց նա:

«Սարսափ», - առանց երկար մտածելու պատասխանեց Ռեգուլուսը:

«Օհ...», - Ռեգուլուսը պտտվեց ու նկատեց Ջեյմսի անհանգիստ հայացքը: Թեթև ժպիտ հայտնվեց նրա դեմքին:

«Ի՞նչ է, դու սարսափ ժանր չե՞ս սիրում», - հարցրեց նա:

«Դե... Ոչ թե չեմ սիրում, այլ սովորաբար չեմ դիտում», - հետևեց Ջեյմսի պատասխանը:

«Մենք կարող ենք քո սիրելի ժանրի ֆիլմ նայել»:

«Չէ, արի սարսափ ֆիլմ դիտենք», - հանկարծ ասաց Ջեյմսը: Ռեգուլուսը կասկածամիտ հայացքով նայեց նրան:

«Դու վստա՞հ ես: Քո արձագանքից ենթադրում եմ, որ սարսափ ֆիլմեր հեշտությամբ չես դիտում»:

«Հա, ճիշտ ես, բայց ինձ հետաքրքիր է»:

Ռեգուլուսը դեռ կասկածամիտ հայացքով էր նայում նրա վրա:

«Տուր ինձ վահանակը», - վերջապես ասաց նա, ինչին Ջեյմսը հեշտությամբ համաձայնվեց, - «ես այնպիսի սարսափ ֆիլմ կընտրեմ, որ հնարավորինս հանգիստ լինի»:

Ջեյմսն անձայն գլխով արեց: Ռեգուլուսն անկախ իրենից կրկին ժպտաց:

Ֆիլմի դիտումը մեծամասամբ հանգիստ էր ընթանում: Չհաշված այն, որ ամեն սարսափելի կադրի հետ Ջեյմսն ավելի ու ավելի էր մոտենում Ռեգուլուսին: Մի քանի րոպե անց նա արդեն ձեռքով թեթև կառչել էր Ռեգուլուսի բազկից: Ռեգուլուսը փորձում էր ընդհանրապես չշարժվել, բայց ներսից այրվում էր: Ֆիլմի ավարտվելուն դեռ մեկ ժամ կա, և ավելի սարսափելի կադրեր են սպասվում, ինչը Ռեգուլուսի համար այնքան սարսափելի չէ, ինչքան իր ու Ջեյմսի այդքան մոտ գտնվելը: Նա չի դիմակայի մինչև ֆիլմի ավարտը:

Ուտեստների մի մասն արդեն չկար, իսկ գարեջրերի մի քանի շշեր դատարկվել էին: Ստացվել էր այնպես, որ հիմա Ջեյմսն ու Ռեգուլուսն իրար ձեռք էին բռնել' իրար միահյուսելով իրենց մատները: Երկուսն էլ բավականին արբած էին, որպեսզի ինչ-որ արձագանք տային դրան: Ջեյմսն ամուր բռնել էր Ռեգուլուսի ձեռքն ու իր գլուխը հենել էր վերջինիս ուսին: Ռեգուլուսը ոչինչ չէր անում նրան կանգնեցնելու համար: Ջեյմսին այսքան մոտ գտնվելու այլ հնարավորություն նա դժվար թե ունենա:

Երբ ֆիլմն ավարտվեց, նա հայացքն ուղղեց Ջեյմսի կողմն ու նկատեց, որ վերջինիս աչքերը փակ են: Նրա շնչառությունն էլ ավելի հանգիստ էր: Ռեգուլուսը հերթական անգամ ուզում էր լաց լինել նրա գեղեցկությունից: Նա իր մեջ զսպեց Ջեյմսի գանգուրները շոյելու ցանկությունն ու փոխարենը փորձեց զգուշությամբ ակնոցը հանել նրա աչքերից: Երբ դա վերջապես հաջողվեց նրան, նա թեթև դիպավ Ջեյմսի ուսին' փորձելով արթնացնել նրան:

«Ջեյմս», - շշնջաց նա:

«Մհմ...», - լսվեց Ջեյմսի ցածր մրմնջոցը:

«Արդեն ուշ է, պետք է բարձրանանք քնելու», - շարունակեց Ռեգուլուսը:

«Ըհը...», - շշնջաց Ջեյմսը, բայց տեղից չշարժվեց:

Ռեգուլուսը ևս մի քանի անգամ փորձեց նրան արթնացնել, բայց ապարդյուն: Նա չէր կարող միայնակ Ջեյմսին բարձրացնել ննջարան, այդ պատճառով որոշեց նրա տեղը հարմարեցնել բազմոցի վրա: Նա վեր կացավ, զգուշությամբ Ջեյմսին պառկեցրեց բազմոցի վրա, հարկադրված բաց թողեց նրա ձեռքն ու նայեց իր շուրջը: Պետք էր սենյակը կարգի բերել: Բարեբախտաբար ինքն ու Ջեյմսը շատ փնթի չէին, ու հեշտությամբ ամեն բան հնարավոր էր կարգի բերել: Ջեյմսի համար վերմակ բերելուց հետո Ռեգուլուսն արագ գործի անցավ, չնայած նրան, որ ալկոհոլից գլուխը պտտվում էր ու անտանելի հոգնած էր: Երբ վերջապես ամեն բան կարգի բերեց, նա միացրեց հեռախոսի էկրանն ու գտավ Սիրիուսի անունը:

«Չգիտեմ, թե որտեղ ես հիմա, բայց առավոտյան շուտ կվերադառնաս ու ընկերոջդ կարթնացնես, որ հասցնի գնալ մինչև հորդ ու մորդ վերադառնալը», - հավաքեց նա ու սեղմեց ուղարկելու կոճակը: Էկրանն անջատելուց հետո նրա հայացքը կրկին թեքվեց Ջեյմսի կողմը: Վերջինս այնքան գեղեցիկ էր քնած, որ Ռեգուլուսը չէր ցանկանում նրան արթնացնել, բայց որոշեց ամեն դեպքում կրկին փորձել, գուցե այժմ արթնանա ու կարողանա բարձրանալ սենյակ:

«Ջեյմս», - փորձեց նա, բայց արձագանք չստացավ: Նա մեկնեց ձեռքն ու մատներով զգուշությամբ շոշափեց տղայի ձեռքը:

«Ջեյմս», - կրկնեց նա: Նա զգաց Ջեյմսի ձեռքի շարժումը: Վերջինս ավելի ուժեղ բռնեց Ռեգուլուսի ձեռքից, բայց արթնանալու նշան ցույց չտվեց: Ռեգուլուսի սիրտը մի պահ կանգ առավ: Չէ, նա ամբողջ գիշերվա ընթացքում չի նստելու Ջեյմսի կողքին: Մի քանի րոպե Ջեյմսի դիմագծերն ուսումնասիրելուց հետո Ռեգուլուսը վերջապես խոր հոգոց հանեց ու որոշեց բարձրանալ իր սենյակ:

«Բարի գիշեր, Ջեյմս», - շշնջաց նա, նուրբ համբուրեց Ջեյմսի ձեռքը, բաց թողեց այն ու ուղևորվեց դեպի աստիճանները: Նա հույս ուներ, որ Ջեյմսը բավականին խոր քուն էր մտել ու երբևէ չի հիշի տեղի ունեցածը:

—— ✧ ——

Ռեգուլուսի հույսերը կարծես թե արդարացան: Նրա ու Ջեյմսի հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեղան, Ջեյմսի վերաբերմունքի մեջ տարօրինակ նշաններ չէին նկատվում: Ամեն բան նույնիսկ փոխվել էր դեպի լավը: Ռեգուլուսի համար ավելի հեշտ էր գտնվել նրա շրջապատում: Գուցե Սիրիուսի անհեթեթ ծրագիրն ամեն դեպքում օգտակար էր:

Տարիներն անցնում էին ու Ռեգուլուսը շարունակում էր հաջողությամբ թաքցնել իր զգացմունքները: Իրենց խումբը բավականին մեծ հաջողությունների հասավ, ի ուրախություն բոլոր տղաների: Նրանք ռիսկային քայլ էին արել, ու նրանց կարիերան կարող էր հեշտությամբ տապալվել, բայց նման բան տեղի չունեցավ. տղաները շարունակում էին ձեռք բերել նորանոր երկրպագուներ իրենց ամեն թողարկվող նոր ձայնասկավառակի հետ:

Ռեգուլուսի համար ավելի հեշտ էր թաքցնել զգացմունքները, նա արդեն վարժվել էր դրան: Տարիների ընթացքում նա նույնիսկ իրեն պատրաստում էր նրան, որ Ջեյմսը ռոմանտիկ հարաբերություններ կսկսի ուրիշի հետ, իսկ նա պետք է կողքից նայի ու հանդուրժի դա: Ի զարմանս իրեն, Ջեյմսն այդ բոլոր տարիների ընթացքում երբևէ հարաբերություններ չէր ունեցել: Նրանք իրար ավելի քան տասը տարի ճանաչում էին, բայց Ջեյմսն այդ ընթացքում ինչ-որ մեկի հետ ռոմանտիկ հարաբերություններ չէր ունեցել: Դա մի փոքր տարօրինակ էր թվում Ռեգուլուսին: Ջեյմսի պես տղաները ուշադրության պակաս չունեն, ինչո՞ւ նա գոնե մեկ ընկերուհի չի ունեցել այս բոլոր տարիների ընթացքում: Նա ձգտում էր սրա մասին շատ չմտածել: Դա Ջեյմսի անձնական կյանքն է, իր ի՞նչ գործն է, թե նա քանի ընկերուհի կունենա: Գուցե Ջեյմսի համար կարիերան առաջնահերթություն է:

Տղայի սիրտը տակնուվրա եղավ, երբ Ջեյմսը բեմի վրա առաջին անգամ համբուրեց իր եղբորը: Դեպքից հետո Սիրիուսն ու Ջեյմսը պարզապես ծիծաղում էին դրա վրա: «Դու պետք է կրկնես դա», - հայտարարեց Սիրիուսը, դեռ ծիծաղելով, - «երկրպագուները խելքները կորցնում են»: «Մեծ սիրով», - եղավ Ջեյմսի պատասխանը: Ռեգուլուսը չէր հասկանում. ի՞նչպես է իր եղբայրը հանգիստ վերաբերվում այն փաստին, որ իր լավագույն ընկերը համբուրել է իր շուրթերը: Իրար շուրթեր սովորաբար զույգերն են համբուրում: Ռեգուլուսն ինչ-որ բանից հե՞տ է մնացել: Նրա մոտ առաջացել էին շատ հարցեր, բայց նա դրանցից ոչ մեկը չբարձրաձայնեց:

Համբույրները շարունակվում էին, խմբից ոչ ոք դրա հետ կարծես թե խնդիր չուներ: Ջեյմսի կողմից համբույր ստանալը ընդհանրապես «խնդիր» բառի հետ չպետք է ասոցացվի: Ռեգուլուսը ենթադրում էր, որ դա պարզապես բեմային հնարք է ավելի շատ ուշադրություն գրավելու համար, բայց նա չէր դադարում մտածել այն մասին, որ գուցե Ջեյմսը նույնպես տղամարդկանց է նախընտրում, ինչպես ինքը: Երևի դա իր պատրանքներն են ու նա չափից շատ հույսով է լցված, որ իր զգացմունքները երբևէ փոխադարձ կլինեն: Անկախ ամեն ինչից, նա դեռ սպասում էր այն օրվան, երբ կգա իր հերթն ու Ջեյմսն իրեն էլ կհամբուրի: Բայց այդ օրը չէր գալիս: Ջեյմսը շարունակում էր համբուրել մնացածին և ոչ իրեն: Նրանք ելույթների ժամանակ մոտենում էին իրար, երգում նույն բարձրախոսից, Ջեյմսը նշանակալից ժպիտներ էր ուղարկում իր կողմ, բայց ոչ համբույրներ: Ռեգուլուսին թվում էր, որ մի օր ի վերջո կխելագարվի, եթե դեռ չի խելագարվել: «Ինչո՞ւ ինձ չես համբուրում», - մտքում բղավում էր նա, ամեն անգամ, երբ Ջեյմսի ու նրա հայացքները խաչվում էին: Գուցե ճիշտն էլ դա էր, գուցե իրեն վիճակված չէ Ջեյմսին համբուրել: Բայց ցանկությունից նա արդեն գլուխը կորցնում էր: Ջեյմսի շուրթերն անտանելի գեղեցիկ էին, նա տենչում էր զգալ դրանք իր իսկ շուրթերի վրա:

—— ✧ ——

Օրինազանցների կարիերան օրըստօրե աճում էր: Նրանք այնքան մեծ ճանաչում էին ձեռք բերել, որ արդեն պատրաստվում էին իրենց առաջին մեծ համերգային շրջագայությանը: Նրանք հրավիրեցին նոր երգչուհու որպես հատուկ հյուր իրենց համերգների համար, ով սիրով ընդունեց առաջարկն ու համաձայնեց բացել իրենց համերգները: Լիլի Էվանսը նորահայտ փոփ-ռոք երգչուհի էր, շատ սիրված դեռահաս տարիքի լսարանի կողմից: Նա մոտավորապես նույն տարիքի էր, ինչ Օրինազանցները, միայն Սիրիուսն էր նրանից տարիքով մեծ: Աղջկա ընկերակցությունը շրջագայության համերգներին ձեռնտու կլինի և՛ նրա, և՛ տղաների համար: Համենայն դեպս իրենք այդպես էին ակնկալում:

Լիլին շատ ընկերասեր ու մարդամոտ դուրս եկավ: Տղաները կարճ ժամանակում ընկերացան նրա հետ, նրանք միասին համերգների ելույթներ էին փորձում, նաև աշխատանքից դուրս միասին ժամանակ անցկացնում: Լիլին մտերիմ էր նրանցից բոլորի հետ, հատկապես Ջեյմսի: Նրանք սկսեցին կատակով սիրահետել իրար, գնալով է՛լ ավելի մտերմանալով: Լիլին հիասքանչ էր, ու դա Ռեգուլուսին նյարդայնացնում էր: Սա երևի այն էր, ինչին նա ինքն իրեն պատրաստել էր: Աղջկա նկատմամբ խանդն ու նախանձը Ռեգուլուսին խանգարում էին նրա հետ շփվել: Լիլին ոչնչում մեղավոր չէր, Ռեգուլուսը գիտեր դա, բայց չէր կարողանում խեղդել զգացմունքները: Երբ նա մտածում էր Ջեյմսի կյանքում ինչ-որ մեկի հայտնվելու մասին, նա չէր մտածում, որ այսքան դժվար կլինի դա հանդուրժելը: Լիլիի անչափ սիրալիր վերաբերմունքն իր նկատմամբ ոչնչով չէր օգնում: Ռեգուլուսն իրեն մեղավոր էր զգում աղջկան ատելու համար:

Շրջագայությունը հիանալի էր ընթանում, նրանց համերգների տոմսերը ամբողջովին վաճառվում էին, ավելի մեծ ամբոխների առաջ ելույթ ունենալն ավելի հաճելի զգացողություն էր: Հանդիսատեսը վայելում էր նրանց ամեն մի ելույթը: Ռեգուլուսը գաղտնի սպասում էր շրջագայության ավարտին. դրանից հետո նա պարտավոր չի լինի ամեն օր ժամանակ անցկացնել Լիլիի հետ ու հանդուրժել նրա չափից շատ մտերմությունն իր ամբողջ կյանքի սիրո հետ: Մնացած տղաները ավանդույթ էին դարձրել կատակել երկուսի զույգ լինելու մասին: Ծիծաղելի չէր, ընդհանրապես ծիծաղելի չէր, անցնում էր Ռեգուլուսի մտքով:

Հասավ ամիսներ տևած շրջագայության վերջին համերգի օրը: Ամբողջ ընթացքում տղաները հասցրին այցելել նոր երկրներ, նոր քաղաքներ, հանդիպել նոր երկրպագուների հետ, հավաքել ամենաանմոռանալի հիշողությունները: Նրանք ուժասպառ էին ու ուրախ, որ վերջապես հասան ավարտին, բայց նաև մի փոքր տխրում էին, որովհետև այս շրջագայությունն իրենց մեծագույն ձեռբերումն էր ու տվել էր իրենց կյանքի լավագույն պահերը: Նրանք չմոռացան շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր իրենց օգնել էին իրենց դժվար ճանապարհն անցնելու ընթացքում: Իր շնորհակալական խոսքի վերջում Ջեյմսը խոսք տվեց, որ խումբը դեռ կվերադառնա է՛լ ավելի լավ ձայնասկավառակներով ու ելույթներով: Ամբոխի բուռն ծափահարությունների ներքո նրանք խոնարհվեցին վերջին անգամ ու լքեցին բեմը' իրենց' դեռևս մեծագույն շրջագայության ավարտը դնելով:

Ետնաբեմում նրանք բացեցին շամպայնը, լցրեցին բոլոր աշխատակիցների բաժակներն ու խմեցին շրջագայությունը հաջողությամբ ավարտելու առիթով: Ռեգուլուսը չգիտեր, թե քանի բաժակ էր արդեն խմել, բայց գլուխը պտտվում էր ու դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում: Սիրիուսը հետևից հենվել էր նրա ուսերին ու գրկել եղբորը' ինչ-որ խառը խոսքեր նրա ականջին շշնջալով: Ռեգուլուսը նրա ասածներն ամբողջությամբ չէր կարողանում ընկալել, բայց հասկացավ, որ եղբայրը պարզապես ասում էր, թե ինչքան հպարտ է իրենով ու իր քրտնաջան աշխատանքով: Ռեգուլուսը թույլ ժպտաց:

-Ես էլ քեզնով եմ հպարտ, Սիրիուս, - ասաց նա:

-Դու ինձնից ավելի շատ ես աշխատել, - առարկեց Սիրիուսը: Ռեգուլուսը հոգոց հանեց:

-Սա մրցակցություն չէ, եղբայրս, երկուսս էլ շատ ենք աշխատել:

Նա զգաց, թե ինչպես Սիրիուսի շուրթերին լայն ժպիտ առաջացավ ու նա ավելի ամուր գրկեց եղբորը:

-Դե լաւվ, վերջ, բաց թող ինձ, - ծիծաղելով ասաց նա, ինչից հետո Սիրիուսը դանդաղ բաց թողեց նրան ու այս անգամ գրկեց նրանց կողքին կանգնած Ռեմուսին: Վերջինս թեթև ծիծաղեց ու ինքն էլ գրկեց Սիրիուսին:

Ռեգուլուսն ուղևորվեց դեպի երկար միջանցք, որը տանում էր դեպի հանդերձասենյակներ: Ականջներին դեռ հասնում էին եղբոր արբած ձայները, ով Ռեմուսին ասում էր, թե ինչքան հպարտ է իրենով ու ինչ բախտավոր է, որ իրենք նույն խմբում են: Ռեգուլուսը ժպտաց: Նրան հիացնում էր այն փաստը, թե ինչ ազատորեն էր Սիրիուսը կարողանում իր սերն արտահայտել իրեն թանկ մարդկանց նկատմամբ: Գուցե մի օր Ռեգուլուսի մոտ էլ այդպես ստացվի:

Ռեգուլուսն առանց երկար մտածելու բաց արեց հանդերձասենյակներից մեկի դուռն ու ներս մտավ: Այդ ժամին սենյակները պետք է որ դատարկ լինեին, որովհետև բոլորը զբաղված էին խմելով ու իրար շնորհավորելով: Բայց նա պետք է ավելի լավ իմանար: Ներս մտնելուն պես նա կանացի թեթև հևոց լսեց, ինչից հետո շփոթված հայացքը վեր բարձրացրեց: Նա իր առջև տեսավ Լիլիին ու Ջեյմսին, ովքեր ակնհայտորեն մինչ իր մտնելը համբուրվում էին: Երկուսի դեմքերն էլ ամբողջովին շիկնել էին, երկուսն էլ շնչակտուր էին, իսկ Լիլիի շուրթերը նույնիսկ փքվել էին: Նրանք երևի արդեն մի քանի րոպե է, ինչ դրանով էին զբաղված, իսկ Ռեգուլուսը մտավ ու խանգարեց նրանց: Ավելի լավ կլիներ, որ հիմա հատակը ոտքերի տակից անհետանար, ու նա գլորվեր դեպի անդունդը:

-Ըհ... ինձ կ-կներեք, - արագ արտաբերեց նա, ձայնում դող զգալով: Արցունքները սպառնոււմ էին հոսել աչքերից:

Նա փակեց դուռը սովորականից ավելի մեծ աղմուկով ու արագ քայլեց միջանցքի երկայնքով: Չգիտեր, թե դեպի ուր է քայլում, պարզապես ուզում էր հնարավորինս հեռու գնալ: Արցունքները սկսեցին հոսել աչքերից: Նա մի քանի անգամ փորձեց խոր շունչ քաշել: Սա վաղ թե ուշ լինելու էր, նա չպետք է անակնկալի գա, չպետք է այսպես արձագանքի, նա գրեթե վստահ էր, որ բանը հասնելու է դրան, բայց ցավը դրանից չէր մեղմանում: Հանկարծ նա հետևում լսեց Ջեյմսի ձայնը: Վերջինս իր անունն էր կանչում: Ռեգուլուսը դանդաղեցրեց քայլերն ու շապիկի թևքով արագ մաքրեց արցունքները: Նա շրջվեց ու իր առջև տեսավ Ջեյմսի ներում հայցող հայացքը:

-Ռեգ, կներես մեզ, ես չէի ուզում քեզ անհարմարություն պատճառել, - ասաց նա:

-Ամեն ինչ կարգին է, մի՛ անհանգստացիր, - հարկադրված պատասխանեց Ռեգուլուսը: Նրա ձայնը դեռ դողում էր:

-Վստա՞հ ես, - Ջեյմսը կասկածամիտ հայացքով զննում էր նրա դեմքը, - լա՞վ ես, Ռեգ:

-Ինձ ի՞նչ է եղել, - ասաց Ռեգուլուսը' չկարողանալով հետ պահել քմծիծաղը:

-Քո աչքերը կարմիր են, - անհանգիստ ձայնով պատճառաբանեց Ջեյմսը:

-Ե՞վ, - ասաց Ռեգուլուսը անսպասելի ագրեսիվ տոնով: Ջեյմսը վիրավորված հայացք ընդունեց ու փորձեց ինչ-որ բան ասել, բայց ոչինչ չարտաբերեց:

Ռեգուլուսն իրեն անմիջապես վատ զգաց ու ոտքերը թուլացան: Նա գրեթե ընկնելով նստեց պատի տակ, դեմքը թաքցրեց ծնկների ու արմունկների հետևում:

-Կներես ինձ, - լսվեց նրա մրմնջոցը:

Նա լսեց Ջեյմսի' իրեն մոտեցող դանդաղ քայլերը, ինչից հետո զգաց նրա ձեռքի ծանրությունը իր ուսին:

-Ռեգ, - փորձեց Ջեյմսը, բայց Ռեգուլուսը հայացքը չէր բարձրացնում, - Ռեգ, խնդրում եմ:

Ռեգուլուսը վերջապես դանդաղորեն բարձրացրեց հայացքը: Ջեյմսը ծնկի էր եկել իր առջև ու սպասողական հայացքով նրան էր նայում, դեմքին անկեղծ անհանգստություն կար:

-Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ ես լաց լինում, - Ռեգուլուսը չէր էլ զգացել, որ արցունքները շարունակում էին հոսել աչքերից: Նա ձեռքերն արագ մոտեցրեց դեմքին ու անփութորեն մաքրեց դրանք:

-Ոչինչ էլ չի պատահել, կարող ես գնալ, ես չեմ ուզում քեզ խանգարել, - շնչակտուր պատասխանեց նա:

-Մի՛ խաբիր, Ռեգ, ես ուզում եմ օգնել:

-Դու չե՛ս կարող օգնել, - Ռեգուլուսը կրկին ագրեսիվ պատասխան տվեց ու անմիջապես զղջաց դրա համար, երբ զգաց, թե ինչպես Ջեյմսը հեռացրեց իր ձեռքը: Նա փորձեց զննել վերջինիս հայացքը, բայց նրանում տեսավ ոչ թե զայրույթ, այլ մեղքի զգացում: Նրա պատճառով Ջեյմսն իրեն հիմա մեղավոր է զգում, հիանալի է:

-Ես ինչ-որ վատ բա՞ն եմ արել, - հետևեց Ջեյմսի պատասխանը: Ռեգուլուսը զարմանում էր, թե ինչպես է նա կարողանում այդպես համբերատար լինել:

Ի՞նչ պատասխանել Ջեյմսին: Գուցե ի վերջո խոստովանի՞ իր զգացմունքների մասին: Վերջին մտքից նա սարսափեց ու մարմնով թեթև դող անցավ: Բայց նա ուզում էր անկեղծ լինել: Իսկ դա չէր կարող անել առանց խոստովանելու:

-Ինչո՞ւ ինձ չէիր համբուրում, - հանկարծ դուրս թռավ նրա բերանից: Ջեյմսը շփոթվեց: Նա բնականաբար նման հարցի չէր սպասում:

-Ի՞նչ, - ասաց նա կոկորդն աղմուկով մաքրելուց հետո:

-Դու սովորություն ունեիր, որ ելույթների ժամանակ տղաներին համբուրում էիր, ինչո՞ւ ինձ չէիր համբուրում, - ավելի համարձակ շարունակեց Ռեգուլուսը: Հարցն արդեն բերանից դուրս է եկել, էլ ետդարձի իմաստ չկա:

Ջեյմսն ապշած դեմքով նայում էր նրան:

-Ես չգիտեի, որ դրան այդքան ուշադրություն ես դարձր...

-Ինչպե՞ս կարող էի ուշադրություն չդարձնել, ես անտարբեր չեմ քո նկատմամբ, - անհամբերությամբ ընդհատեց նրան Ռեգուլուսը: Հավատը չէր գալիս, որ արտասանեց այդ խոսքերը:

Ջեյմսը գնալով ավելի էր ապշում նրա ամեն խոսքից:

-Դու իմ հանդեպ...

-Հա, Ջեյմս, այն վայրկյանից, ինչ քեզ ճանաչել եմ, ես քո հանդեպ անտարբեր չեմ եղել:

Ջեյմսը դեռ անխոս նայում էր Ռեգուլուսի դեմքին, անկարող լինելով ինչ-որ բան ասել: Իսկ Ռեգուլուսը չէր կարողանում ինքն իրեն կանգնեցնել ու խոսում էր:

-Ես այս բոլոր տարիների ընթացքում քեզ վրա եմ սիրահարված եղել, Ջեյմս, - բարձրաձայնելը այնքան տարօրինակ էր թվում:

-Բայց մեր ծանոթության տարիների ընթացքում դու Պանդորայի հետ ես եղել:

-Ես նրանից բաժանվեցի, որովհետև հասկացա, որ տղամարդկանց եմ հավանում, քեզ եմ հավանում, - շտապեց նրան ընդհատել Ռեգուլուսը, - ավելի ճիշտ' նա ինձնից բաժանվեց, ու նրա խոսքերից ես ամեն ինչ գիտակցեցի, բայց դա արդեն կարևոր չէ, - արագ ասաց նա:

Ջեյմսը հենվեց պատին ու անորոշ հայացքով նայեց իր դիմացը:

-Այսինքն' դու տղամարդկանց ես հավանում, - վերջապես լսվեց նրա ձայնը:

-Հա, ես տղամարդկանց եմ հավանում, - տխուր ծիծաղ արձակեց Ռեգուլուսը:

-Ու ես եղել եմ պատճառը, որ գիտակցես դա, - շարունակեց Ջեյմսը:

Ռեգուլուսը կրկին ծիծաղեց ու գլխով արեց: Նրա զգացմունքները գուցե փոխադարձ չեն, բայց գոնե հիմա ավելի թեթվացած էր:

-Ռեգ, - կրկին խոսեց Ջեյմսը' ձայնում ափսոսանք, - դու այսքան տարի իմ պատճառով...

Ռեգուլուսը շտապեց կանգնեցնել Ջեյմսի մտքի թելը: Նրան դուր չէր գալիս, թե ինչ էր այդ պահին անցնում տղայի մտքով:

-Չէ, Ջեյմս, դու ոչինչ չես արել, - պնդեց նա, - դու մեղք չունես, որ ես սիրահարվել եմ քեզ վրա ու իմ զգացմունքները փոխադարձ չեն եղել...

-Եղել են:

Ռեգուլուսին թվաց, որ ականջները սխալ են լսել: Նրա կոկորդը չորացավ ու նա մոռացավ այն ամենը, ինչ պատրաստվում էր ասել:

-Դու հարցնում էիր, թե ինչու քեզ չէի համբուրում, - շարունակեց Ջեյմսը, - որովհետև ես չէի կարողանում: Մնացածին համբուրելը հեշտ էր, իսկ քեզ' ոչ, որովհետև ես քեզ հավանել եմ, չափից շատ, դեռ ավագ դպրոցի տարիներից: Բայց ինձ համար դա տարօրինակ անհեթեթություն էր թվում: Ես ինձ անհարմար էի զգում, որ հրապուրված եմ լավագույն ընկերոջս եղբորով: Իսկ հիմա...

-Իսկ հիմա դու Լիլիին ես սիրում, - Ջեյմսի փոխարեն ավարտեց Ռեգուլուսը: Ջեյմսը գլխով արեց:

Ռեգուլուսը փորձեց ընկալել հենց նոր իր պարզած ամբողջ ինֆորմացիան: Փաստորեն' այսքան ժամանակ Ջեյմսն իրեն նույնպես հավանել է: Բայց այլևս ոչ: Ջեյմսը հիմա Լիլիին է սիրում: Նա իր հնարավորությունը ձեռքից բաց է թողել: Նա գլուխը կախեց ու նոր արցունքները սկսեցին առատորեն հոսել աչքերից: Նա զգաց Ջեյմսի մատներն իր այտերի վրա, որ զգուշությամբ մաքրում էին արցունքները: Իսկ հետո այդ նույն մատները բռնեցին իր ձեռքը:

-Ռեգ, ներիր ինձ, - ցավով ասաց Ջեյմսը: Ռեգուլուսն ամուր պահեց նրա առաջարկած ձեռքը' համառորեն տարուբերելով գլուխն ու շշնջալով' «դու մեղավոր չես»:

-Դու երևի արդեն գնաս, Լիլին հավանաբար քեզ է սպասում, - ասաց նա:

Ջեյմսը թեթև գլխով արեց: Ռեգուլուսը զգաց նրա նուրբ համբույրը իր ձեռքին, մինչև այն բաց թողելը:

-Դու հիշո՞ւմ ես, - հանկարծ հարցրեց նա դեժավյուի ազդեցությամբ:

-Ի՞նչը, - շփոթված հարցրեց Ջեյմսը: Ոչ, նա չէր հիշում: Հիմա Ռեգուլուսն ամեն բան կտար, որ հակառակը լիներ:

-Չէ, չէ, ոչինչ, - պարզապես պատասխանեց նա' փորձելով անտարբեր երևալ:

Ջեյմսը շրջվեց ու վերադարձավ դեպի նախկին հանդերձասենյակը, որտեղից եկել էր, իսկ Ռեգուլուսը մնաց տեղում, հայացքը հառելով ինչ-որ անորոշ կետի: Հետագայում նրան գտավ եղբայրն ու առաջվա պես ամուր գրկեց, դեռ ալկոհոլից արբած ու երջանկությունից ոգևորված:

«Գոնե նա երջանիկ է», - մտածեց Ռեգուլուսն ու ինքն էլ ամուր գրկեց եղբորը: